Արմինֆո.Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա և 2022թ. սեպտեմբերի 13-14 պատերազմների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ, արտադատական սպանություններ։ Դրանց հիմքում այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է։ Այդ մասին ասվում է "Թաթոյան" հիմնադրամի նոր զեկույցում, որտեղ քննարկվում և իրավական գնահատական է տրվում Ադրբեջանի հանցավոր գործողություններին:
«Արհեստական քրեական հետապնդումներով և շինծու դատական ակտերով մինչ օրս՝ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունը մտադրված հոգեկան տառապանքներ է պատճառում հայ ընտանիքներին թե' Արցախում, թե' Հայաստանում։
Այս զեկույցը քննարկում և իրավական գնահատական է տալիս ադրբեջանական այդ հանցավոր արարքներին։ Օրինակ՝ ադրբեջանական զինծառայողները խոչընդոտել են որոնողական աշխատանքներ, թաքցվել և չեն վերադարձվել զինծառայողների մարմիններ և այլն։
«Facebook», «Twitter», «TikTok» և այլ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտահաշիվներով, թիրախավորելով հայկական լսարանը, տարածվել և անմիջապես ընտանիքներին են ուղարկվել իրենց ընտանիքների զինծառայող անդամների լուսանկարները սպանված և խոշտանգված վիճակում։
Ուսումնասիրությունները հաստատում են, որ նշված հանցանքները խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դրանք նպատակ ունեն ծանր հոգեբանական ցավ պատճառել ընտանիքներին և պահպանել լարվածությունը հայ հասարակությունում։
Սույն զեկույցի մշակման աշխատանքները ներառել են նաև հարցազրույցներ զինծառայողների ընտանիքների հետ և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություններ։ Երախտագիտություն ենք հայտնում զինծառայողների ընտանիքներին զեկույցի կազմման աշխատանքներին աջակցության համար։
Սույն զեկույցը մշակվել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից, որին մասնակցել են նաև ԱՄՆ փաստաբաններ Կարօ Ղազարեանը (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանը (Karnig Kerkonian)», - ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում։
Զեկույցն ամբողջությամբ ներկայացված է հետևյալ հղումով. https://tatoyanfoundation.org/wpcontent/uploads/2023/08/Report_Human-Rights-Violations-of-the-Relatives-of-the-Armenian-Soldiers-ըստ-Azerbaijan-1.pdf?fbclid=IwAR0nIdapa6-ovfGM_p1HTGZh3x4ihB_xTpkKF6w5tUhQIv8TkVPhbn7O_HA :