Արմինֆո. Team Telecom Armenia ընկերության աջակցությամբ օգոստոսի 5-19-ը Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը. աշխարհի 179 քաղաքների ավելի քան 7000 հայ մարզիկներ կպայքարեն լավագույնի կոչման համար։
Ընկերության հաղորդագրության համաձայն, խաղերի օրակարգում ընդգրկված է 19 մարզաձև։ Մրցաշարերը անց են կացվելու Երևանում, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Team Telecom Armenia-ը միացել է 8-րդ խաղերին թիմային սպորտաձևերի տարածումը և զարգացումը երիտասարդների շրջանում խրախուսելու նպատակով։
«Ուրախ ենք հյուրընկալել մեր հայրենակիցներին այստեղ, նման մասշտաբային միջոցառման շրջանակում, որը ոչ միայն սպորտի, այլ նաև համախմբման ու թիմային հաղթանակների մասին է»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Խոսելով Համահայկական խաղերի գաղափարի մասին ՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշում է, որ 25 տարի առաջ ծնված մարզական տոնի հիմքում համահայկականությունն է, հայկական աշխարհի ամրությունը: «Համահայկական խաղերն ուղղված են հայկականությանը և հայապահպանությանը։ Ուզում եմ հատուկ կարևորել մեր հովանավորներին, բարերարներին, որոնց շնորհիվ է նաև, որ խաղերը իրականություն են դառնում»,- հավելում է նա։
Համահայկական խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ։ Առաջին անգամ Համահայկական խաղերն անցկացվել են 1999 թվականին` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով: