Արմինֆո. Եվրոպական միությունը խորապես մտահոգված է հումանիտար լուրջ իրավիճակով, որն ազդում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տեղի բնակչության վրա: Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով երթևեկությունը դժվարացել է արդեն ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու Միջազգային դատարանի որոշմանը: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում։
Ընդ որում, նա փաստել է, որ դեղորայքն ու առաջին անհրաժեշտության պարագաները չեն բավականացնում կամ արդեն սպառվել են, ինչը ծանր հետեւանքներ է ունենում տեղի բնակչության համար:
Բորելն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Քաշաթաղի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա էսկալացիա: "Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Աղդամ (Ակնա) քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը։ Դա պետք չէ դիտարկել որպես Քաշաթաղի միջանցքի բացման այլընտրանք։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերսկսել, ներառյալ բժշկական տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը: ԵՄ-ն ընդգծում է, որ հումանիտար հասանելիությունը չպետք է քաղաքականացվի ոչ մի սուբյեկտի կողմից", - նշել է Բորելը։
Նա նաեւ հիշեցրել է, որ Եվրոպական միությունը եւ, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվորեն մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն, ինչպես նաեւ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության առաջ մղմանը: "Դա նաեւ պահանջում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը բանակցությունների արդյունքներին եւ ապագային, որը հիմնված է ընդհանուր շահերի եւ փոխադարձ վստահության վրա", - ամփոփել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի 120 հազար բնակիչներ կանգնած են սովամահության շեմին՝ Ադրբեջանի կազմակերպած պաշարման պատճառով։ Քաղաքակիրթ միջազգային հանրությունը, էներգառեսուրսների հետևից ընկնելով, մոռացել է և մարդու համընդհանուր իրավունքների, և ժողովրդավարության, և, ընդհանրապես, միջազգային իրավունքի մասին՝ արդեն 8 ամիս չնկատելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ահաբեկչությունը։
Հուլիսի 26-ին Հայաստանը 360 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ, սակայն երեկ գիշերվանից շուրջ 20 բեռնատարներ գտնվում են Կոռնիձորում և սպասում են Քաշաթաղի միջանցքով երթևեկելու թույլտվության: Գործընթացին հետևում են նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Մինչ օրս ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների բանակցություններն արդյունք չեն տվել, թշնամական կողմը շարունակում է Արցախի հանցավոր շրջափակումը: