Արմինֆո. 2023թ․ հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդն անցկացրել են համատեղ նիստ:
ՀՀ փաստաբանների պալատի հաղորդագրության համաձայն, խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը և Արցախի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:
Նիստի ընթացքում քննարկվել է բացառապես Արցախի Հանրապետությունում ստեղծված օրհասական իրավիճակը: Մասնակիցներն արձանագրել են, որ Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով կտրվել է Արցախի կապն արտաքին աշխարհի հետ:
Փաստերի համադրման արդյունքում և միջազգային իրավական կարգավորումների լույսի ներքո Հայաստանի Հանրապետության Արցախի Հանրապետության փաստաբանների պալատների խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես կոչ են անում․ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և ներպետական կառույցներին, Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատին (որպես եռակողմ համաձայնագրի մասնակից պետության գործընկեր կառույց), այլ պետությունների գործընկեր փաստաբանների պալատներին և միություններին՝ ցուցաբերել գործուն աջակցություն Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը: