Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ, համենայն դեպս, բանակցային սեղանի շուրջ Բաքուն չի հրաժարվել քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
"Բանակցությունների սեղանի շուրջ ես նման ուղերձ չեմ լսել, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին: Մյուս կողմից, ես համաձայն եմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից նման պատրաստակամություն չի բխում", - ասել է Փաշինյանը՝ հուլիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդ որում, ինչպես ընդգծել է Հայաստանի վարչապետը, իր համար անհասկանալի է նաև Լեռնային Ղարաբաղում հնչեցվող կարծիքը, որը բացառում է այդ թեմայի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումները:
"Մյուս կողմից, հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղից ձայներ են հնչում երկխոսության անհրաժեշտության մասին", - նշել է նա:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը չի թաքցնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն վստահում միմյանց։ "Պետք է քայլեր անել, և մենք մեր կողմից քայլեր ենք անում այս իրավիճակը հաղթահարելու համար", - նշել է նա։
Հենց առկա անվստահության պատճառով, ինչպես կարծում է վարչապետը, միայն միջազգային մեխանիզմի շրջանակներում կարելի է քիչ թե շատ արդյունավետ երկխոսություն վարել Բաքվի և Ստեփանակերտի միջև: