Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը։ Այդ մասին այսօր ՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Մեր կարծիքը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը, ելնելով այն տրամաբանությունից, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն՝ իրենք, պետք է լինեն բանակցությունների, երկխոսության կողմ: Եվ մենք հենց այդ օրակարգն ենք առաջ տանում", - ասել է Փաշինյանը։
Ինչպես նշել է վարչապետը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափով՝ միջազգային մեխանիզմների կիրառմամբ:
Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունն ու ժողովուրդը հնարավորություն կունենան այս ձևաչափի շրջանակներում բարձրացնել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, ինչպես նաև քաղաքական պատասխանատվություն կրել դրանց բովանդակության համար, և՝ ոչ միայն: "Կարծում եմ՝ հենց դա է ճիշտ ճանապարհը", - ընդգծել է նա։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է որոշակի սրբագրումներ մտցնել օրակարգում, քանի որ այս փուլում, պայմանավորված մի շարք պատճառներով, այդ թվում՝
Ստեփանակերտի չմասնակցելը բանակցություններին, դեռևս բանակցային կողմ է, Փաշինյանը նշել է, թե պետք է մտածել. արդյոք արժե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանն անդրադառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում, թե պետք է առաջնորդվել այլ տրամաբանությամբ։ "Մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցի վերաբերյալ, բայց դա չի նշանակում դիրքորոշման բացակայություն", - եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը: