Արմինֆո.Երեւանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի առջեւ տեղի է ունենում ակցիա' ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, որը կազմակերպվել է "Բացում" քաղաքացիական շարժման կողմից:
Ակցիայի մասնակիցները մարդասիրական բեռ են բերել ներկայացուցչության շենքի մոտ՝ միջազգային կառույցից պահանջելով այն հասցնել Ադրբեջանի կողմից կոշտ շրջափակման պայմաններում գտնվող Արցախի ժողովրդին: "Խնդրում ենք Ձեզ շտապ կարգով բեռը Լաչինի միջանցքով փոխադրել Արցախի Հանրապետություն", - հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիելս Սքոթին: Ցուցարարը հավելել է, որ շարժումը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ի ներկայացուցչությանը՝ ողջ բեռը գույքագրելու և Արցախ հասցնելու հարցում:
Ինչպես նշել է ակցիայի մեկ այլ մասնակից, այս ամենն արվում է Արցախի հայրենակիցների համար ՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում: Նա հավելել է, որ եթե հարցը չլուծվի, շարժման մասնակիցները շրջափակելու են բոլոր այն կառույցների շենքերը, որոնք պարտավոր են քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար: