Արմինֆո.Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, եւ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԽ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ ի պատասխան ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի համար: ԱԺ փոխխոսնակը նաեւ ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող եւ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ:
Այսօր ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում Յուրի Վորոբյովը հայտարարել է, թե Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի Հռոմի ստատուտին երկրի միանալու հետևանքները և գնահատի ռիսկերը՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար: "Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունը այն բոլոր գործերի նկատմամբ, որոնք նա վարում է։ Մենք ելնում ենք այն բանից, որ մեր հայ գործընկերների այդ քայլը չունի հակառուսական ենթատեքստ, բայց, այնուամենայնիվ, գործնականում, շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատել հնարավոր ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար: Այս դեպքում ես դիմում եմ խորհրդարանականներին", - ասել է Վորոբյովը։
Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախնական վարույթի պալատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ էր տվել՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում. նրանք մեղադրվում են Ուկրաինայից երեխաների անօրինական տեղահանության համար։