Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի Հռոմի ստատուտին երկրի միանալու հետևանքները և գնահատի ռիսկերը՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար: Այդ մասին ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։
"Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունը այն բոլոր գործերի նկատմամբ, որոնք նա վարում է։ Մենք ելնում ենք այն բանից, որ մեր հայ գործընկերների այդ քայլը չունի հակառուսական ենթատեքստ, բայց, այնուամենայնիվ, գործնականում, շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատել հնարավոր ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար: Այս դեպքում ես դիմում եմ խորհրդարանականներին", - ասել է Վորոբյովը, որի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
Խորհրդարանականի խոսքով ՝ այժմ երկխոսություն է ընթանում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Ս.թ. մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախնական վարույթի պալատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ է տվել՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում. նրանք մեղադրվում են Ուկրաինայից երեխաների անօրինական տեղահանության համար։ Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998 թվականի Հռոմի ստատուտի հիման վրա։ Այժմ միջազգային պայմանագրին մասնակցում է 123 երկիր։ Ստատուտի մասնակից չհանդիսացող պետությունների թվում են Ռուսաստանը (ստորագրել է, բայց չի վավերացրել), ԱՄՆ-ը (ստորագրել է, բայց հետագայում հետ է կանչել ստորագրությունը) և Չինաստանը (չի ստորագրել կանոնադրությունը):
Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ հայտարարել էր, որ Հռոմի ստատուտը չի հակասում երկրի սահմանադրությանը։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հաղորդել էր, որ փաստաթուղթը ՀՀ ԱԺ վավերացման ներկայացնելը մի քանի շաբաթվա հարց է: