Արմինֆո.: Եթե հայ լրագրողները ցանկանան գալ Ադրբեջան, ապա այդ առումով խնդիրներ չեն լինի։ Նման հավաստմամբ հանդես է եկել մամուլի խորհրդի նախագահ Ռաշադ Մեջիդը։
Ընդ որում, որպես օրինակ նա բերել է տարբեր տարիներին Թբիլիսիում ադրբեջանցի և հայ լրագրողների հանդիպումների օրինակները։ Մեջիդը նաև հավաստիացրել է, որ Ադրբեջանում գոյություն ունի մամուլի ազատություն, և հայ լրագրողների համար, ովքեր ցանկանում են Ադրբեջան գալ ադրբեջանական օրենքների շրջանակներում, դռները բաց են:
Իր հերթին՝ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն հաղորդել է, որ Ադրբեջանում անցկացվող միջազգային միջոցառումների ժամանակ օտարերկրյա պատվիրակությունների կազմում լինում են նաև հայազգի լրագրողներ. "Անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր գալիս են մեր երկիր, պահպանեն Ադրբեջանի օրենքները։ Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին դրական քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ"։
Ադրբեջանական կողմը նաև հաղորդել է, որ Ադրբեջանի ԱԳՆ "սև ցուցակից" հանվել են 58 լրագրողների անուններ, որոնք տարբեր տարիներին այնտեղ ներառվել են Արցախ այցելելու համար:
Հիշեցնենք, որ բազմիցս այլ պետությունների հպատակ հայերը Ադրբեջան կատարած այցերի ժամանակ բախվել են բազմաթիվ խնդիրների և, լավագույն դեպքում, արտաքսվել այնտեղից, սակայն հաճախ հայտնվել են մեղադրյալի աթոռին: