Արմինֆո.Ռուս հայտնի արևելագետ, "Մերձավոր Արևելքի ինստիտուտ" գիտական կենտրոնի հիմնադիր և նախագահ, պրոֆեսոր Եվգենի Սատանովսկին տարակուսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ապագայի վերաբերյալ՝ թուրք-ադրբեջանական այսօրվա հարաբերությունների համատեքստում:
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետ գոյություն ունի: Եթե Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների փոխգործակցության արդյունքում այլ որոշում չկայացվի, ապա՝ այո։ Մնացած ամեն ինչը տեխնիկական հարցեր են», - Ermenihaber-ի հետ զրույցում ասել է Սատանովսկին, մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը, ըստ որի, ռուս խաղաղապահները 2025 թվականին հեռանալու են Արցախից:
Հիշեցնելով հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը, Սատանովսկին նշել է. «Պատերազմից հետո մեծ փոփոխություններ եղան. Թուրքիան Ադրբեջանի հետ ստորագրել է Շուշայի հռչակագիրը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. դրանից հետո Իլհամ Ալիևը հստակ ասաց. Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ Ադրբեջանի քաղաքացիություն են ստանում, ադրբեջանական անձնագրեր են ստանում և ապրում են այսօրվա Ադրբեջանի օրենքներով, կա՛մ հեռանում են։ Ըստ իս՝ այս իրավիճակում հայ ժողովրդին անհրաժեշտ է անել հետևյալը. քանի դեռ ժամանակ կա՝ փրկել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, առաջին հերթին, կանանց ու երեխաներին։ Ինչ վերաբերում է այսօրվա թուրք-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներում Ղարաբաղում ապրող հայերի ապագային, ապա ես չեմ հավատում դրան, ինչպես նաև հայերի ապագային Թուրքիայում»,- եզրափակել է Սատանովսկին։