Արմինֆո. Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ և միավորումներ նամակ են հղել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության հաղորդագրության համաձայն, նամակը հասցեագրված է Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին։
Նամակի հեղինակները մատնանշում են անտանելի կենսապայմանները, որոնցում հայտվել են 120.000 արցախահայեր՝ Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի կանխամտածված շրջափակման հետևանքով։
«Հանուն մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, հանուն այն արժեքների, որոնց ջատագովն են եվրոպական ժողովրդավարությունները, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի» եվրոպական կազմակերպությունները իրենց առաջնորդներից խնդրում են ձեռնարկել հետևյալ վեց կոնկրետ գործողությունները․
Ադրբեջանից կրկին պահանջել անհապաղ դադարեցնել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության խախտումները, հանել Հակարիի կամրջի անցակետը, որը տեղադրվել է Արդարադատության միջազգային դատարանի և միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց և ապրանքների ազատ ու ապահով շարժը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ։
Ադրբեջանի և նրա ղեկավարների նկատմամբ կիրառել տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների, միջազգային պարտավորությունները չկատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացնելու և Արցախը շրջափակման համար։
Օգտագործել բոլոր լծակները՝ կանխելու Բաքվի ցանկացած վերահսկողություն Արցախի նկատմամբ, քանի որ դա անխուսափելիորեն նշանակում է Արցախի տեղաբնիկ հայ բնակչության էթնիկ զտում։
Ճանաչել Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը որպես կենսական անհրաժեշտություն և օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ կայուն խաղաղության և անվտանգության համար։
Գործարկել օդային միջանցք՝ Արցախին շտապ տնտեսական և հումանիտար օգնության տրամադրելու և Ստեփանակերտի օդանավակայանի միջոցով օդային հաղորդակցությունների անվտանգությունը երաշխավորելու նպատակով,
Իբրև խաղաղ բանակցությունների նախապայման՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս զորքերը անհապաղ և առանց նախապայմանների դուրս հանելի ՀՀ ինքնիշխան տարածքից և վերջ տալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշմանը։
Նամակը հղվել է Եվրոպական միության առաջնորդներին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ։
Ուշագրավ է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանն առաջարկել է Արցախի շուրջ "հումանիտար իրավիճակը" (հենց Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամը - խմբ.) կարգավորելու համար օգտվել Աղդամ-Ստեփակերտ ճանապարհից։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Եվրոպական խորհրդի նախագահը, Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի ապաշրջափակմանը հետամուտ լինելու փոխարեն, այդ թվում՝ նաև Մմիջազգային դատարանի որոշմանը համապատասխան, ընդունելի է համարել Ադրբեջանի այլընտրանքը՝ Արցախի խեղդումը և բռնի ինտեգրումը:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը ԿԽՄԿ-ին մեղադրել էր իբր Արցախ մաքսանենգ ապրանք տանելու համար, և այդ պատրվակով ամբողջությամբ արգելափակել էր առանց այդ էլ կես տարուց ավելի չգործող միջանցքը: Հավելենք, որ ԿԽՄԿ-ում խոստովանել են, որ վարձու 4 վարորդներն Առանց կազմակերպության իմացության իրենց հետ ինչ-որ ապրանք են տարել (ծխախոտ, հեռախոսներ և այլն), և նրանց հետ պայմանագիրն անմիջապես խզվել է: Այսպիսով, Ադրբեջանը փորձում է խեղդել անցած տարվա դեկտեմբերի 12-ից տոտալ շրջափակման մեջ գտնվող, գազից, էլեկտրաէներգիայից և տարրական առաջին անհրաժեշտության իրերից զուրկ Արցախի ժողովրդին: Այս տարվա հունիսի 15-ից ոչ մի մթերք Արցախ չի հասնում, 120 հազար քաղաքացի կանգնած է սովամահության շեմին: Այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում ՝ քաղաքակիրթ միջազգային հանրության անգործության ֆոնին, որը էներգառեսուրսների հետևից ընկնելով մոռացել է իր իսկ կողմից քարոզվող մարդու համընդհանուր իրավունքների մասին։ Հավելենք, որ Ստեփանակերտից արդեն հայտարարել են, որ Ադրբեջանը փորձում է հասնել Արցախից ԿԽՄԿ գրասենյակի դուրսբերմանը։