Արմինֆո. Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 409 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 45 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: Այս մասին ասվում է Արցախի կառավարության տեղեկագրում։
Ըստ աղբյուրի՝ 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Տվյալները տրամադրվել են շրջափակման 215-րդ օրվա դրությամբ։
Հիշեցնենք, որ Արցախը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, ինչի հետևանքով բնակիչները զրկված են գազից, էլեկտրաէներգիայից և տարրական առաջին անհրաժեշտության իրերից ։ Ս.թ. հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երթևեկությունը, որը մարդասիրական առաքելություն էր իրականացնում Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխման և առաջին անհրաժեշտության իրերի մատակարարման ուղղությամբ: Այս ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ միջազգային հանրության անգործության ֆոնին։