Արմինֆո. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
«Հումանիտար երթևեկության երեկվա կասեցումն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և վտանգում խաղաղության գործընթացում վստահություն ձևավորելու ջանքերը։ Ազատ և բաց տարանցումը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի», - ընդգծել են ԱՄՆ դեսպանատանը։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը ԿԽՄԿ-ին մեղադրել էր, իբր, Արցախ մաքսանենգ ապրանք փոխադրելու համար, և այդ պատրվակով ամբողջությամբ արգելափակել էր առանց այդ էլ կես տարուց ավելի չգործող միջանցքը: Հավելենք, որ ԿԽՄԿ-ում խոստովանել են, որ 4 վարձու վարորդներ, առանց կազմակերպության գիտության, իրենց հետ ինչ-որ ապրանք են տարել (ծխախոտ, հեռախոսներ և այլն), և նրանց հետ պայմանագիրն անմիջապես դադարեցվել է: Այսպիսով, Ադրբեջանը փորձում է խեղդել այս տարվա դեկտեմբերի 12-ից տոտալ շրջափակման մեջ գտնվող, գազից, էլեկտրաէներգիայից և տարրական առաջին անհրաժեշտության իրերից զուրկ Արցախի ժողովրդին: Այս ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ միջազգային հանրության անգործության ֆոնին, որը էներգառեսուրսների հետևից ընկնելով մոռացել է իր իսկ կողմից քարոզվող մարդու համընդհանուր իրավունքների մասին։