Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչ արդեն երկու հարյուր օրից ավելի շրջափակման մեջ է: ԱԺ հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում իր ելույթում:
Նա հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավականորեն պարտադիր ժամկետային միջոց է կիրառել` ի պատասխան Հայաստանի գործի: «Դատարանը որոշեց, որ առկա է Ռասայական խտրականության վերացման կոնվենցիայով նախատեսված հայերի իրավունքներին անուղղելի վնաս հասցնելու անմիջական վտանգ: Հանձնարարվել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների եւ բեռների անսահմանափակ տեղաշարժն ապահովելու համար:
Ցավոք, Ադրբեջանը չի կատարել միջազգային դատարանի որոշումը եւ ավելի է սրել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքով անցնելու հնարավորությունը, այդ թվում` Կարմիր խաչի եւ խաղաղապահ ուժերի համար: Իրավիճակը սարսափելի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է սննդի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ արագ վերջացող պաշարների սպառվելու խնդրի հետ:
Այժմ, առավել քան երբեւէ, հրամայական է մեր ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վրա` հայտարարությունների, բանաձեւերի եւ, ամենակարեւորը, կոնկրետ գործողությունների միջոցով: Մենք պետք է ընդունենք, որ այս մարդկանց իրավունքները նույնքան կարեւոր են, որքան մեր բոլորինն այսօր այստեղ: Հանդես գալով Լեռնային Ղարաբաղում ժողովրդի իրավունքների եւ անվտանգության համար` մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների մեր արժեքները, որոնք համամարդկային են` անկախ իրենց աշխարհագրությունից», - ընդգծել է ԱԺ պատգամավորը: