Արմինֆո. Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդկային զոհերի առնչությամբ: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ Պատելը նշել է, որ այդ միջադեպերն ընդգծում են կայուն եւ արժանապատիվ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: <ԱՄՆ-ը հանձնառու է կողմերին աջակցությանը՝ այդ նպատակին հասնելու հարցում, և պետքարտուղար Բլինքենն անմիջական մասնակցություն է ունենում խաղաղ գործընթացին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Արտաքին գործերի նախարարների հետ երեկվա հանդիպումները կառուցողական էին, և մենք շարունակում ենք զարգացնել այդ քննարկումները այսօր և վաղը, քանի որ խաղաղ բանակցությունները շարունակվում են>, - նշել Է մամուլի քարտուղարի տեղակալը։
Պատասխանելով տարածաշրջանում բռնության հերթական սրման ֆոնին բանակցությունների դադարեցման հնարավորության մասին հարցին՝ Պատելը նշել է, որ ժամանակացույցում առայժմ ոչ մի փոփոխություն չկա: "Պետքարտուղարն անմիջականորեն մասնակցելու է և շարունակում է անմիջական մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ինչպես և մեր թիմի մյուս անդամները, այդ թվում ՝ Կովկասում բանակցությունների գծով մեր ավագ խորհրդական Լու Բոնոն, ով շարունակում է մնալ գագաթնաժողովի հարթակում և անմիջականորեն մասնակցում է այդ գործընթացներին։ Դա այն է, ինչով մենք շարունակելու ենք զբաղվել անմիջականորեն այդ արտաքին գործերի նախարարների հետ։ Ինչպես գիտեք, պետքարտուղարը նրանց հետ երեկ հանդիպելու հնարավորություն է ունեցել՝ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ կարգով, եւ մենք հուսով ենք, որ այդ խաղաղ բանակցությունները կշարունակվեն", - նշել է ԱՄՆ Պետդեպարտաամենտի մամուլի քարտուղարի տեղակալը:
Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի աջակցությամբ: Բանակցությունները դադարեցնելու հնարավորության մասին խոսակցություններն ի հայտ եկան նախօրեին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ սադրանքից հետո, որի հետևանքով զոհվեցին Արցախի ՊԲ չորս զինծառայողներ: Նախօրեին Արցախի խորհրդարանը Հայաստանի պատվիրակությանը կոչ էր արել դադարեցնել բանակցությունները: