Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը բավարարել է "Հայաքվե" նախաձեռնության դիմումը ՝ բոլոր վարչական շրջաններում ստորագրահավաք անցկացնելու համար տարածք տրամադրելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Հարգելի գործընկերներ, այսօր Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի դիմումին և տեղեկացրել, որ ՀՀ Ազգային Ժողովին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու համար բոլոր վարչական շրջանների նստավայրերում նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է: Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցեն մեկական հանրային ծառայող՝ ամեն վարչական շրջանից», - գրել է Սարդարյանը: