Արմինֆո. Այսօր Վաշինգտոնում մեկնարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։
Մասնավորապես, տեղական ժամանակով ժամը 08:45-ին Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ինչին կհետեւի հանդիպում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ժամը 10: 00-ին նույն կենտրոնում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ փակ ձևաչափով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, բանակցությունները կշարունակվեն մինչև ս. թ. հունիսի 29-ը: «Մենք, նախկինի պես, հավատում ենք, որ խաղաղության կարելի է հասնել, եւ ուղիղ երկխոսությունը հարցերի լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է», - ասել է նա: