Արմինֆո. Հռոմի ստատուտն անցել է բոլոր ներքին ընթացակարգերը, ներառյալ Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ Սահմանադրության դրույթներին դրա համապատասխանության վերաբերյալ: Այդ մասին հունիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշել է, որ միջազգային պայմանագրերը խորհրդարանի վավերացմանը ներկայացնելը ՀՀ կառավարության բացառիկ առանձնաշնորհն է: "Նախագիծը կներկայացվի ԱԺ, որն էլ կկայացնի վերջնական
որոշում", - ասել է հանձնաժողովի ղեկավարը։
Ավելի վաղ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել էր, որ փաստաթուղթը վավերացման ներկայացնելը շաբաթների հարց է: "Ավելի վաղ կառավարության աշխատակազմը հաղորդել է, որ առաջիկայում կուղարկենք։ Կարծում եմ ՝ դա շաբաթների հարց է", - ասել էր Մինասյանը։
Հայաստանը Հռոմի ստատուտն ստորագրել է 1998թ. հուլիսի 17-ին, սակայն չի վավերացրել այն, քանի որ 2004թ. ՍԴ-ը պայմանագրի պարտավորությունները ճանաչել է այդ պահին գործող Սահմանադրության մի շարք դրույթներին հակասող: 2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը դիմել է ՍԴ՝ Հռոմի ստատուտի սահմանադրականությունը ստուգելու հարցով։ Երևանում նշել են, որ այդ փաստաթղթի վավերացումը թույլ կտա ՄՔԴ-ում Ադրբեջանի դեմ վարույթներ նախաձեռնել պատերազմական հանցագործությունների համար։ 2023 թվականի մարտի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտով Հայաստանի ստանձնած պարտավորությունները ճանաչել է երկրի Հիմնական օրենքին համապատասխանող։ Ընթացիկ տարվա մարտի 17-ին ՄՔԴ-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհեթեթություն է համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության հնարավորությունը՝ երկիր ժամանելու դեպքում: