Արմինֆո. Փաստաբան Կարեն Ալավերդյանը ծեծի է ենթարկվել ոստիկանության բաժնում ՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ՝ ներկայացնելով Ալավերդյանին ծեծի ենթարկելու մանրամասները։
Նրա խոսքով՝ փաստաբանը ոստիկանական բաժանմունքում փորձել է դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ դաժան վերաբերմունքը, սակայն ինքն է տուժել: "Այն բանից հետո, երբ Ալավերդյանը փորձել է կասեցնել իր պաշտպանյալի ծեծը, ի՞նչ է տեղի ունեցել։ Նա ինքն է խուզարկության ենթարկվել, թեև դա խստիվ արգելվում է օրենքով։ Այնուհետև փաստաբանն ինքն է ծեծի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով կապկպվել, իսկ դրանից հետո նրա նկատմամբ կիրառվել է նաեւ արցունքաբեր գազ: Պատկերացրեք լկտիության մակարդակը: Դա ոչ մի բարոյական շրջանակի մեջ չի տեղավորվում", - նշել է Զոհրաբյանը, հավելելով, որ փաստաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել խմբակային խուլիգանության հոդվածի հատկանիշներով։
Փաստաբանը նաև ուշադրություն է հրավիրել այն հագամանքի վրա, որ պարեկային ծառայության ներկայացուցիչները, ովքեր եղել են հարցաքննության սենյակում, իրենց մոտ տեսախցիկներ չեն ունեցել, որոնք պետք է նրանց մոտ լինեն: "Մենք հիմա բախվում ենք շատ վտանգավոր միտումների։ Դա կարող է շատ սարսափելի հետևանքների հանգեցնել", - զգուշացրել է Զոհրաբյանը, վրդովվելով, որ անգործության է մատնված նաև ՀՀ գլխավոր դատախազը։
Իր հերթին՝ փաստաբան Կարեն Ալավերդյանի պաշտպանյալի նկատմամբ բռնության գործով պաշտպան Մարիամ Աբրահամյանը, հայտարարել է, որ ոստիկանը ծխախոտ է մարել ոստիկանություն բերված մարդու քթի վրա: "Իմ պաշտպանյալը ոչ մի անօրինական բան չի արել։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար են նրան դաժանաբար ծեծել ու խոշտանգել։ Ծխախոտը հանգցրել են քթի վրա, դեմքի որոշ հատվածներ այրվել են ։ Նա բազմաթիվ վնասվածքներ ունի, բուժզննում է անցել, և պարզվել է, որ թմբկաթաղանթի ամբողջականությունը խախտվել է", - ասել է Մարիամ Աբրահամյանը, հավելելով, որ շուտով կվիրահատվի ։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ընդունվել է բավականին ուշ և պահանջել է պաշտպանների մեծ ջանքեր: Փաստաբանը պատմել է, որ իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է նաև կալանավորման միջնորդության քննարկման ժամանակ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը բռնության էր ենթարկվել ոստիկանության կողմից և ձերբակալվել ոստիկանության գլխավոր վարչությունում: Բռնությունն իրականացվել է այն բանից հետո, երբ փաստաբանը փորձել է մասնագիտական աջակցություն ցուցաբերել իր պաշտպանյալին, ով նույնպես ենթարկվել է ոստիկանության կողմից բռնության:
Նշենք, որ ոչ ՀՀ ոստիկանությունը, ոչ քննչական մարմինները, ոչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, չեն արձագանքել այդ միջադեպին: Հավելենք նաև, որ սա արդեն երկրորդ նման դեպքն է այս տարի։