Արմինֆո.Այսօր հայ ժողովուրդը կանգնած է վերջին երրորդ հանրապետության վերացման շեմին։ Այդ մասին մայիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ, հետխորհրդային Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ մայիսի 26-ին ուղիղ 105 տարի առաջ Սարդարապատի ճակատամարտի արդյունքում կանխորոշվեց հայ ժողովրդի ճակատագիրը: Այդ ճակատամարտը հնարավորություն տվեց հայ ժողովրդին ունենալ իր պետությունը։ Այն ժամանակ քաղաքական ուժերը, հոգևորականությունը, ողջ ժողովուրդը, մի կողմ դնելով առկա տարաձայնությունները, տեր կանգնեցին հայրենիքին։ Սակայն այժմ ներկա իշխանությունների քաղաքականության շարունակման պարագայում բոլոր հիմքերը կան պնդելու, որ երրորդ հանրապետությունը վերջինն է լինելու հայ ժողովրդի պատմության մեջ:
Հովհաննիսյանը նշել է, որ հինգ տարի առաջ ժողովուրդը արժանապատիվ վերելք ապրեց՝ դրանով իսկ պատասխան տալով նախկին իշխանությունների թույլ տված սխալներին: "Սակայն, ցավոք, այն պայքարը, որը պատկանում էր ժողովրդին, սեփականաշնորհվեց, դառնալով մեկ մարդու և մի խումբ անձանց սեփականությունը, ովքեր իրենց ջանքերն ուղղեցին կոնկրետ նպատակների և ծրագրերի իրագործմանը", - ասել է "Ժառանգություն" կուսակցության առաջնորդը, հավելելով, որ հինգ տարի անց հայ ժողովուրդն աննախադեպ ընդարմացում է ապրում պետականության կորստի ուղղությամբ: Ըստ էության, ընթանում է նոր ցեղասպանության ծրագրի իրականացման, հայ ժողովրդի ինքնիշխան տարածքների հանձնման գործընթաց։ "Նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը - խմբ.) արդեն բացահայտ հայտարարում է այդ մասին ՝ տեղեկացնելով երկրի ինքնիշխան տարածքները հանձնելու անհրաժեշտության մասին։ Նա միտումնավոր երկիրը հասցրել է բազմաթիվ զոհերի զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում, և բազմաթիվ դրվագներով խախտել է սահմանադրական կարգը։ Փաստորեն, այդ անձը կորցրել է իր բովանդակային լեգիտիմությունը՝ դառնալով ազգային աղետ", - ասել է քաղաքական գործիչը, հավելելով, որ այդ մարդը հայ ժողովրդի գլխին նոր պատերազմ կբերի։ "Իսկ մենք ի՞նչ ենք անում, որ պաշտպանված լինենք նոր պատերազմից։ Ի՞նչ են անում պետական մարմինները նոր պատերազմին երկրի պատրաստությունն ապահովելու համար: Այս ներքին աղետը, որը մենք ենք բերել իշխանության, պետք է հաղթահարել, որպեսզի հերթական անգամ չլինենք խաբված, մանավանդ, որ այն ամենը, ինչ նրանք անում են, ուղղված է իրենց իշխանության պաշտպանությանը", - ասել է նախկին նախարարը։
Նա հավելել է, որ իշխանությունների ներկայիս գործողությունները չի կարելի համեմատել նախկին իշխանությունների հետ։ Չնայած սխալների առկայությանը՝ նախկին ոչ մի իշխանություն չի հանձնել Արցախը, չի հանգեցրել պետական սահմանների խախտումների։ "Ներկայիս իշխանությունները պատրաստ են հայրենիքը վաճառել, միայն թե պահպանեն այդ իշխանությունը։ Նրանք ուզում են Հայաստանը վերածել հաշմանդամ պետություն, մաս-մաս հանձնելով այն ցեղասպան թշնամիներին՝ դրանով իսկ դառնալով նույն ցեղասպանության մասնակից։ Իրադարձությունների նման զարգացումը կանխելու գործում իրենց խոսքն, առաջին հերթին, պետք է ասեն պետական լիազոր մարմինները, բայց նրանք դա պետք է անեն օրենքի շրջանակներում, որպեսզի քաղաքացիական դիմակայություն չլինի։ Բայց, եթե այդ մարմինները անգործության մատնվեն, ժողովուրդը պետք է հաղթահարի ինքն իրեն և վերադարձնի պետականություն ու հայրենիք ունենալու իր իրավունքը"։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ