Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ուշադրություն է հրավիրել Լաչինի/Բերձորի միջանցքի շուրջ իրավիճակի վրա:
"Ես ուրախ եմ եւս մեկ անգամ ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում առկա իրավիճակի մասին խոսելու, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլ անցկացնելու հնարավորության համար", - ասել է Միրզոյանն իր ողջույնի խոսքում:
Այդ առումով նա հավելել է, որ Հայաստանը, ինչպես միշտ, մասնակցում է բանակցություններին շատ կառուցողական և միտված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի երկրների ղեկավարների եռակողմ հայտարարություններին և դրան հաջորդած բոլոր հայտարարություններին: "Ցավոք, ինչպես ասում են, "գետնի վրա " իրավիճակը փոքր-ինչ այլ է. բանակցություններին զուգընթաց պարբերաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակի սրում։ Մենք տեսնում ենք կոպիտ ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, տեսնում ենք նոյեմբերի 9-ի նույն հայտարարության կոպիտ խախտում, վերջին նման խախտումը եղել է, երբ ադրբեջանական կողմը փորձել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրել, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ հստակ ձևակերպված է այդ միջանցքի ռեժիմը, որը պետք է մնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո։ Բայց, ցավոք, հիմա հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն այժմ վերահսկում է Լաչինի միջանցքը", - նշել է Հայաստանի արտգործնախարարը, հավելելով, որ, այդուհանդերձ, Երևանը կմասնակցի բանակցություններին։
Լավրովն, իր հերթին, փաստել է, որ այսօրվա դրությամբ հաջողվել է համաձայնեցնել արտգործնախարարների եռակողմ հանդիպումը և Միրզոյան-Բայրամով հանդիպումը: "Ռուսաստանի Դաշնությունը տրամադրում է իր հարթակը և կձգտի անհրաժեշտ պայմաններ ստեղծել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի եռակողմ հայտարարություններում ձևակերպված բոլոր խնդիրների շուրջ ձեր բանակցությունների հետագա առաջընթացի համար։ Գնահատել ենք Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության ժողովուրդների տարած հաղթանակի հերթական տարեդարձին նվիրված միջոցառումներին, նրա ներկայությունը մայիսի 9-ի զորահանդեսին: Ակնկալում ենք, որ նա կկարողանա մասնակցել նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նստաշրջանին։ Այն տեղի կունենա ս.թ. մայիսի 25-ին Մոսկվայում: Դա կարևոր միջոցառում է լինելու", - ասել է նա։
Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է այն բանում, որպեսզի շարունակի առաջ մղել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները. առաջին հերթին ՝ առևտրատնտեսական համագործակցությունը, որը դարձել է ռուս-հայկական կապերի իսկական լոկոմոտիվ: Նա ենթադրություն է հայտնել, որ հանդիպմանն անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հարցերին:
"Այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի կարգավորումն է ։ Բավական նշանակալի է եռակողմ պայմանավորվածությունների դերը (1,2,3,4), որոնց ներքո դրված են երեք երկրների ղեկավարների ստորագրությունները։ Այն պետք է վճռորոշ նշանակություն ունենա բոլոր հարցերի շուրջ հանգուցալուծումները գտնելու հարցում՝ և խաղաղության պայմանագրի, և հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանազատման հետ կապված՝ հետագա սահմանագծմամբ։ Կարծում եմ, որ այս բոլոր ուղղությունների առաջընթացը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու առանցքային պայմանն է ։ Ռուսաստանը պատմական դեր ունի այս տարածաշրջանում և՝ լուրջ շահեր։ Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են։ Ձգտենք անել հնարավորը այդ որակով, որպեսզի այսօր կայանալիք միջոցառումներն օգտակար լինեն և կոնկրետ արդյունքների հասնեն", - եզրափակել է նա։