Արմինֆո.Ապրիլի 26-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը սատարել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության մասին բանաձևին, որում հիշատակվում է Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիան: Փաստաթղթի տեքստը հրապարակվել Է ՄԱԿ պաշտոնական կայքում։
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, ընդհանուր առմամբ, "կողմ" է քվեարկել 122 երկիր, այդ թվում ՝ Հայաստանը, Ղազախստանը, Վրաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Բրազիլիան և Թուրքիան: Բանաձևի դեմ հանդես է եկել հինգ պետություն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Նիկարագուան և Հյուսիսային Կորեան։ 18 պետություն ձեռնպահ է քվեարկել, այդ թվում՝ Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։ Մի շարք պետություններ չեն մասնակցել քվեարկությանը, դրանց թվում է նաև Ադրբեջանը։
"Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցություն" բանաձևի նախագծում նշված է հետևյալ ձևակերպումը. "Հաշվի առնելով, որ այսօր Եվրոպայի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերները Ուկրաինայի, իսկ մինչ այդ Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայից և Եվրոպայի խորհրդին Ռուսաստանի անդամակցության դադարեցումից հետո, պահանջում են ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև, հատկապես այն բանի համար, որպեսզի օպերատիվ կերպով վերականգնվի և պահպանվի խաղաղությունն ու անվտանգությունը՝ հիմնված ցանկացած պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի վրա, ապահովվի մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը պատերազմական գործողությունների ժամանակ, հատուցվեն զոհերին հասցված վնասները և պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են միջազգային իրավունքի նորմերի խախտման համար":