Արմինֆո. Կանադան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմամբ Բերձորի/Լաչինի միջանցքում, որը Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածաշրջանի միջև միակ ցամաքային հաղորդակցությունն է:
Ինչպես հաղորդում է Կանադայի ԱԳՆ-ն, այդ մասին ասվում է արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունում՝ Բերձորի միջանցքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին: "Այդ ակցիան ակնհայտորեն խաթարում է խաղաղ գործընթացն ու կայունությունը ողջ տարածաշրջանում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է մնա բաց եւ անարգել, որպեսզի ապահովի մարդկանց եւ ապրանքների տեղաշարժի ազատությունը", - ընդգծել Է կանադացի նախարարը։
Միևնույն ժամանակ, Ժոլին հավելել է, որ Կանադան կոչ է անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով հետագա էսկալացիայից կամ թշնամական գործողություններից:
Նշենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչինի (Բերձոր)- Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղադրելու մասին: Ընդ որում, որպես անցակետի տեղադրման պատճառ թշնամական կողմի սահմանապահ ծառայությունը ներկայացրել է հերթական կեղծ փաստարկը, իբր, Հայաստանից Արցախ կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի տեղափոխումը կանխելու նպատակով: Միջանցքում անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին ։
Ադրբեջանական կողմը նաև նշել է, որ այս փաստի մասին տեղեկացված են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը: ՀՀ ԱԳՆ-ն անցակետի սահմանումը որակել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Ի պատասխան ՝ Բաքվում անցակետի հաստատումը "լեգիտիմ քայլ"են անվանել։
Հավելենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի հարցն արդեն մոտ ժամանակներս կարող է կարգավորվել: Նա նշել էր, որ Մոսկվան Բաքվին և Երևանին առաջարկել է հետևյալ մեխանիզմը. ռուս խաղաղապահները պետք է լիազորություն ունենան եռակողմ պայմանագրով վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, այդ թվում՝ ստուգել տրանսպորտային միջոցները այնտեղ արգելված ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների բացակայության համար: