Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները միտված են իրավիճակի սրմանը:
«Ընդհանուր առմամբ, կիսում եմ ելույթի վերաբերյալ ձեր գնահատականները (լրագրողը Ալիևի հայտարարությունները որակել է ֆաշիստական և հակահայկական - խմբ.) և կարծում եմ, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ վարքագծի մոդելը: Մյուս կողմից, ուզում եմ արձանագրել, որ սադրանքի նպատակը իրավիճակը դեպի էսկալացիա տանելն է։ Մենք մեր քաղաքականապես հավասարակշռված գնահատականներով հանգիստ առաջ ենք գնում", - ասել է Փաշինյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս Հայաստանից պահանջել էր հստակ հայտարարել. «Ղարաբաղը՝ Ադրբեջան է»: Հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի այն հայտարարությունը, որ «Արցախը [Լեռնային Ղարաբաղը-խմբ.] Հայաստան է և վերջ», Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ այժմ ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարը խմբագրի սեփական հայտարարությունը: "Հայաստանը, որը նախկինում ասում էր. "Ղարաբաղը Հայաստան է և վերջ", այսօր պետք է կրկնի այն, ինչ մենք ասել ենք. "Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան": Որովհետև եթե նա ասել է <Ա>, ապա պետք է ասի նաև <Բ>: Հայաստանը, որը հիմք է ընդունել Ալմա-Աթայի հռչակագիրը եւ այդ հիմքի վրա խաղաղության պայմանագրի պատրաստակամություն է հայտնել, պետք է արդեն պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է", - ընդգծել է Ալիեւը՝ Ադրբեջանի պետական հեռուստաընկերության հարցազրույցում: