Արմինֆո.Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. առկա հիմնահարցերը և դրանց հաղթահարմանն ուղղված համատեղ քայլերը» կլոր սեղան քննարկում և ցուցահանդես, որն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Հաշվետու հաստատությունները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը, քննարկմանը մասնակցող ոլորտի առանցքային շահագրգիռ դերակատարների՝ Կառավարության, Խորհրդարանի, Ոստիկանության, Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զարգացման և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում սեռական բռնության արդի հիմնախնդիրները:
Այս առիթով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը վերահաստատեց Հայաստանի կողմից կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությունը։ «Դա ոչ միայն արդարադատության և իրավունքի խնդիր է, այլև արդարության, կարեկցանքի և մարդասիրության խնդիր: Այս հարցը պահանջում է կոնսենսուսի վրա հիմնված, հակասական կարծիքներից և արմատականությունից զերծ մոտեցում»։