Արմինֆո.Ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Տեղ բնակավայրի շրջանում, զինված միջադեպ է տեղի ունեցել: Այդ մասին ապրիլի 12-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Ցավոք, եղած տվյալների համաձայն, կան զոհեր և վիրավորներ։ Տվյալ շրջանում գտնվող ռուսական զինված ուժերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ներկայացուցիչներն անհապաղ շփման մեջ են մտել Հայաստանի եւ Ադրբեջանի պատասխանատուների հետ և ապաէսկալացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել: Տեղի ունեցածը եւս մեկ անգամ հաստատում է Բաքվի ու Երեւանի կողմից երկուստեք զսպվածություն դրսեւորելու, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիր միջոցառումներն անշեղորեն պահպանելու անհրաժեշտությունը", - ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում թշնամական ուժերը հարձակվել էին Հայաստանի ԶՈՒ-ի վրա, որոնք այդ հատվածում ինժեներական աշխատանքներ էին իրականացնում: Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներն ավտոմեքենայով մոտեցել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, ծեծկռտուք է սկսվել, այնուհետև հակառակորդը սկսել է կրակել հայ զինվորականների ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ-ն կորցրել է 4 զինծառայող, թշնամական կողմն ունի պաշտոնապես 3 զոհ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները. Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.):
Հավելենք, որ բոլոր գործողությունները տեղի են ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում ։ Ավելի վաղ թշնամական ուժերը այդ հատվածում գրավել էին ՀՀ ինքնիշխան տարածքից մինչև 9 քկմ։