Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ։ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում ասվում է.
«Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ զինծառայողները պատասխան գործողություններ են ձեռնարկել և պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը: Կան զոհեր և վիրավորներ:
Ադրբեջանական կողմի այս ագրեսիվ գործողություններն իրականացվել են ի հեճուկս հայկական կողմի՝ տեղում առկա խնդիրները կառուցողական բանակցություններով լուծելու նախորդիվ հայտնած պատրաստակամությանը:
Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն շարունակությունն է 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ՀՀ նկատմամբ իրականացրած հարձակումների, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքներ:
Փաստենք, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները. Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.):
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ