Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը («ԶՊՄԿ») հաղորդել է, որ ապրիլի 7-ի երեկոյան տեղի ունեցած հոսանքազրկման հետևանքով արտադրական հոսքաջրերը թափվել են Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան-Մեղրի հատված:
«Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև այսօր: Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ Ընդերքի և Բնապահպանական տեսչական մարմնի Սյունքի մասնաճյուղին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սա ԶՊՄԿ-ի հարստացուցիչ ֆաբրիկայում պոչատարի վնասման առաջին դեպքը չէ։ Դեռևս 2019 թվականի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել խողովակաշարի վնասման և Ողջի գետը վտանգավոր թափոններով աղտոտման դեպքերի առթիվ: Դատախազական մարմինների վարկածով՝ այն ժամանակ բացահայտվել են անվտանգության կանոնների աղաղակող խախտման փաստեր, ինչն էլ դարձել էր շրջակա միջավայրի աղտոտման պատճառ։ Հարուցվել էր քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի և թափոնների հետ վարվելիս անվտանգության կանոնները խախտելը): Թե ինչով է ավարտվել այս գործը՝ գլխավոր դատախազությունը չի հաղորդել։
Նշենք, որ Հայաստանում կա 22 պոչամբար, որոնցից 8-ը փակ են, իսկ 13-ը շարունակում են գործել: Դեռ 2014 թվականին ՀՀ էներգետիկայի նախարարությունը ներկայացրել էր մետաղական հանքերի պոչամբարների վերամշակման նախագիծ, որը գնահատվում է 200 մլն դոլար: Այնուհետև հավանության է արժանացել մտադրությունների հուշագիրը, որով կառավարությունը նախատեսում էր համապատասխան ծրագիրն իրականացնել «Քրոնիմետ Մայնինգ» ԲԸ-ի, "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ի, VSAEI ձեռնարկությունների խմբի և "Ալյոտիգ" ՍՊԸ-ի հետ համատեղ: Նախագծով առաջարկվում էր իրականացնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում առաջացած պոչամբարների և ապարների լցակույտերի արդյունավետ և խորը վերամշակում: 2015 թվականի մայիսին կառավարությունը կրկին վերադարձավ այս հարցին ՝ հավանություն տալով "Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործունեության արդյունքում կուտակված և կուտակվող արտադրական թափոնների վերամշակման ներդրումային ծրագրի մասին" օրինագծին: Սակայն այս անգամ խոսքը ոչ թե 200, այլ 240 մլն դոլարի ներդրումների մասին էր, որոնք անհրաժեշտ են պոչամբարների վերամշակման ձեռնարկության կառուցման համար։ Օրինագծում նշվում էր, որ ԶՊՄԿ-ի պոչամբարներում այդ պահին կուտակվել է ավելի քան 300 մլն տոննա արտադրական թափոններ, որոնք տարեկան համալրվում են ևս 18-20 մլն տոննայով՝ ստեղծելով բնապահպանական լուրջ խնդիր: Ծրագրի իրականացումը հանձնարարվել է "Ալյոտիգ" ՍՊԸ-ին, որը պարտավորություն է ստանձնել կառուցել պոչամբարների արտադրական թափոնների վերամշակման գործարան՝ տարեկան 12,5 տոննա հզորությամբ, իսկ երկրորդ փուլում՝ 2019-2025թթ. ժամանակային միջակայքի ընդգրկմամբ գործարանի հզորությունը հասցնել 25 մլն տոննա թափոնների վերամշակման ծավալների: 2015թ. հունիսի վերջին ԱԺ-ն ընդունեց Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական թափոնների վերամշակման ներդրումային ծրագրի մասին օրենքը, որով "Ալյոտիգ" ընկերությունը որպես սեփականություն ստացավ նշված պահեստարանները: Սակայն օրենքի ընդունումից կես տարի անց հայտնի դարձավ, որ "Ալյոտիգ" ՍՊԸ-ն անցած կարճ ժամանակահատվածում հասցրել է սնանկանալ։ Արդյունքում՝ լայնածավալ ներդրումային նախագիծն այդպես էլ չիրականացվեց։