Արմինֆո.1984 թվականից ի վեր "Էրեբունի" պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցադրությունը, գործնականում, չի փոխվել։ Ինչպես մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, հաջորդ տարի Ֆրանսիայի կառավարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի եւ Լուվրի Հին Արեւելքի դեպարտամենտի աջակցության շնորհիվ "Էրեբունիում" կհայտնվի նոր ժամանակակից, ինտերակտիվ բաղադրիչներով հագեցած ցուցադրություն:
"1984 թվականի համար ցուցահանդեսը բավականին լավն էր, բայց մենք պետք է ընթանանք ժամանակին համաքայլ", - նշել է նա։ Այդ առնչությամբ Բադալյանը հաղորդել է, որ մարտի վերջին Լուվրի գործընկերների հետ միասին "Էրեբունու" համար նոր ցուցադրության բեմադրության մրցույթ կհայտարարվի։ Դեկտեմբերին թանգարանը, բացառությամբ այցելուների համար նախատեսված փոքր մասի, փակ կլինի՝ համապատասխան աշխատանքների անցկացման նպատակով։ Եվ արդեն 2024 թվականի ապրիլին, ինչպես նա նշել է, թանգարանը այցելուների համար դռները կբացի նոր ցուցադրությամբ։ Բացի այդ, Միքայել Բադալյանը հաղորդել է, որ Լուվրի թանգարանի հետ աշխատանքներ են տարվել նաև "Էրեբունի" նոր հայեցակարգի վրա: "Մենք երկար ժամանակ քննարկում էինք թանգարանի հայեցակարգը եւ Երեւանում, եւ zoom հարթակներում։ Պետք է ասեմ, որ բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել, որը շարունակվելու է։ Դուք գիտեք, որ Լուվրը աշխարհի ամենահայտնի և ամենաշատ այցելվող թանգարաններից մեկն է։ Եվ նրանց փորձը, առաջարկությունները և նրանց մասնագետների ներգրավվածությունը մեզ համար մեծ պատիվ է", - եզրափակել է "Էրեբունի"-ի տնօրենը։