Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների միջև:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը և ողջունել այս ձևաչափով համագործակցության հաստատումը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համաձայնագրի լիարժեք կիրարկումը հնարավոր է միայն հանրության լայն շերտերի ներգրավման և ակտիվ մասնակցության պարագայում՝ կարևորելով քաղաքացիական հասարակության՝ որպես Համաձայնագրով ծածկված տարբեր ոլորտներում մասնագիտացված փորձագիտական համայնքի դերն ու ներուժը:
ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է պլատֆորմի աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հետագա համագործակցության ձևաչափը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների շուրջ:
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին եւ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Համաձայնագրի արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել է համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ: Այն բաղկացած է ավելի քան 300 միջոցառումներից ՝ կապված տարբեր ոլորտների հետ, ներառյալ կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը, ենթակառուցվածքները, տնտեսությունը, շրջակա միջավայրը և այլն։
Համաձայնագիրը ստեղծել է գործընկերության ինստիտուցիոնալ հիմք: ՀԸԳՀ-ի բարձրագույն քաղաքական մարմինը Գործընկերության խորհուրդն է, որը վերահսկում և գնահատում է համաձայնագրի կատարումը: ՀԸԳՀ-ի այլ կանոնադրական մարմիններն են գործընկերության կոմիտեն, առևտրի գծով գործընկերության կոմիտեն և գործընկերության ենթահանձնաժողովները: