Արմինֆո. Փետրվարի 18-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատում կազմակերպված «Օտարերկրացիները դիմադրության շարժման մասնակից։ Ի պաշտպանություն Միսաք Մանուշյանի՝ Պանթեոն մուտքի նախաձեռնությանը» խորագրով գիտաժողովին։
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, գիտաժողովին հնչել են Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի ուղերձները։ Խոսքով հանդես են եկել Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության նախկին մարտիկների և հիշատակի հարցերով պետնախարար Պատրիսիա Միրալեսը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Գիտաժողովը կազմակերպվել էր սենատոր Պիեռ Ուզուլիայի, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի, «Աշխարհիկ միություն» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Սակունի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Դենի Պեշանսկու նախաձեռնությամբ։ Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել ֆրանսիացի անվանի պատմաբաններ՝ իրենց ելույթներում անդրադառնալով Դիմադրության շարժման օտարազգի մասնակիցներին, նրանց մեծարման և հիշատակի հավերժացման կարևորությանը։ Գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են դիմադրության շարժման հերոս, ֆրանսահայ գործիչ Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում վերահուղարկավորելու կարևորությունը՝ կոչ անելով Ֆրանսիայի նախագահին հավանություն տալ այս նախաձեռնությանը։
Շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին՝ դեսպան Տոլմաջյանն իր ելույթում անդրադարձել է Միսաք Մանուշյանի և նրա մարտական ընկերների բացառիկ սխրանքին՝ նշելով, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանը, չլինելով Ֆրանսիայի քաղաքացի, ինչպես իր զինակից ընկերների մեծ մասը, կամավոր մասնակցություն է ունեցել նացիզմի դեմ պայքարին և իր կյանքը նվիրաբերել հանուն Ֆրանսիայի ազատության։ Դեսպանն ընդգծել է, որ հերոսական դիմադրության այդ նույն ոգով են այսօր տոգորված շուրջ երկու ամիս շարունակ արգելափակման մեջ հայտնված Արցախի 120 000 հայերը, ովքեր, չնայած Ադրբեջանի կողմից պարտադրված շրջափակմանը, շարունակում են դիմակայել՝ հանուն ազատության ու արժանապատվության և հավատալ արդարության ու խաղաղության հաղթանակին։
Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նաև երախտագիտություն է հայտնել Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում վերահուղարկավորելու նախաձեռնության ջատագովներին՝ նշելով, որ Մանուշյանի խմբի մեծարմամբ Ֆրանսիան իր երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր, ծնված լինելով օտար հողում, իրենց կյանքը նվիրաբերել են հանուն Ֆրանսիայի ազատության և Ֆրանսիայի արժանի զավակ դարձել թափված արյամբ։ Դեսպանը նաև ընդգծել է այս նախաձեռնության կարևորությունը՝ որպես խորհրդանիշ հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող հազարամյա բարեկամության, որն առավել ամուր է՝ Միսաք Մանուշյանի նման բացառիկ և վառ անհատների շնորհիվ: