Արմինֆո. Թուրքիան եւ Միացյալ Նահանգները համագործակցում են նաեւ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում եւ Բալկաններում ու Կովկասում խաղաղության առաջխաղացման գործում, ինչպես նաեւ այլ գլոբալ թեժ կետերում: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, այդ մասին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Մենք մեծապես գնահատում ենք այն դրական քայլերը, որոնք Թուրքիան ձեռնարկում է Հունաստանի, Հայաստանի, Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար, որի քաղաքացիներն, ի դեպ, կողք կողքի աշխատել են Թուրքիայի իրենց գործընկերների հետ՝ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում: Եվ մենք հանձնառու ենք մեր շատ սերտ համագործակցության պահպանմանը պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ ապահովելով, որ Թուրքիան մնա Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում ռազմաօդային ուժերի բարձր արդյունավետ մատակարար",- նշել է Բլինքենը։
Չավուշօղլուն, իր հերթին, հաստատել է, որ բանակցություններում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր։ "Երկկողմ հարցերից բացի, մենք խոսել ենք Հարավային Կովկասի մասին։ Վերջին շրջանում և ես, և իմ հարգարժան ընկեր Թոնին շփումներ ենք ունեցել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմի հետ։ Մեր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունն է, և մենք շարունակելու ենք ձգտել այդ նպատակին", - ամփոփել է Չավուշօղլուն։