Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ում ողջունում են Ադրբեջանի ակտիվ միացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հնչած հարցին։
Պարզաբանելով, թե գլոբալ միջազգային գործընթացների ֆոնին ինչ նշանակություն է ձեռք բերում Ռուսաստանի համար մեծ եվրասիական գործընկերության գաղափարը, ԱՊՀ գործընկերների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ համագործակցության զարգացումն ու խորացումը, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանի հետ, ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ դեռեւս 2015 թվականին առաջ քաշված մեծ եվրասիական գործընկերության նախաձեռնությունը Ռուսաստանի Դաշնության համար կոնյունկտուրային նախագիծ չէ։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ դա երկկողմ եւ միջազգային ձեւաչափերով բազմավեկտոր եւ բազմամակարդակ անդրսահմանային փոխգործակցության զարգացման հրավեր է: Ինչ վերաբերում է վերջինիս, շարունակել են ՌԴ ԱԳՆ-ում, ապա դրա կարևոր բաղադրիչը միջպետական միավորումների ներուժի համադրումն է, որոնց թվում տեսնում ենք գործնական համագործակցությանը միտված և դրական լիցքավորված այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՇՀԿ, ԵԱՏՄ, ԱՍԵԱՆ։
"Ողջունում ենք Ադրբեջանի ակտիվ միացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։ 2021-2022 թվականներին Բաքվում հաջողությամբ անցկացվել են մի շարք փորձագիտական միջոցառումներ՝ նվիրված եվրասիական թեմատիկային, մասնավորապես, Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև կապերի ամրապնդմանը ։ Այս առումով նշանակալի իրադարձություն էր 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում կայացած XV եվրասիական տնտեսական համաժողովը։ Վստահ ենք, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը լիովին համապատասխանում են եվրասիական մայրցամաքի կենտրոնում գտնվող հանրապետության շահերին", - ամփոփել են ՌԴ ԱԳՆ-ում։