Արմինֆո.Ադրբեջանի ռասիստական իշխանությունների կողմից վարձված շինծու «բնապահպանների» միջոցով (որոնցից և ոչ մեկին չեն ճանաչում որպես այդպիսին անգամ Ադրբեջանի բնապահպանները) շարունակվում է հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում, որը ցանկացած պահի կարող է Արցախից տարածվել Հայաստանի վրա։ Դրա մասին են վկայում Ադրբեջանից և Թուրքիայից հնչող ռազմական նոր ագրեսիայի բացահայտ սպառնալիքները։
Այդ մասին ասվում է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհրդի» հայտարարությունում:
«Առաջնորդվելով բացառապես ազգային և պետական շահերով, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հանրությունը ներկայացնող կազմակերպությունների անունից դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և դրա մշտական անդամ երկրներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին ու Չինաստանին, ինպես նաև հատուկ Արցախի հարցով հատուկ մանդատով ներկայացող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին՝ ԱՄՆ- ին, Ռուսաստանին և Ֆրանսիային։ Եթե մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը վերացական հասկացություններ չեն և չկան երկակի ստանդարտներ տարբեր երկրների ու տարածաշրջանների համար, ապա կոչ ենք անում՝
- անհապաղ և հասցեական դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական նպատակ հետապնդող Արցախի շրջափակումը,
շրջափակումը վերացնելուն ուղղված հիշյալ երկրների և կառույցների հայտարարություններին չարձագանքելու դեպքում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ կասեցնել վերջինիս անդամակցությունը միջազգային կազմակերպություններին,
Արցախի և Հայաստանի սահմանի ողջ երկայնքով խաղաղապահ ուժերով ապահովել գործուն մասնակցություն՝ սանձելու ռազմական ագրեսիայի հետագա էսկալացիան», - ասվում է հայտարարությունում։