Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Հայաստանի Հանրապետության տարածքում զորավարժությունների չեղարկման հարցի առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությանը գնահատական տալու խնդրանքին ի պատասխան, մասնավորապես, ասել է. «Առաջին հերթին կցանկանայինք նշել, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։ Քարտուղարության խնդիրները հստակորեն սահմանված են Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում: Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է: Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»:
Նշենք, որ հունվարի 11-ին ՀԱՊԿ քարտուղարությունում ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտարարել էին, որ "պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստման 2023թ. պլանով նախատեսված է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ "Անխախտ եղբայրություն-2023" զորավարժության անցկացումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս տարի հայկական հողում այս զորավարժության անցկացման անհրաժեշտությունը հաստատվել էր նաև Երևանում։ Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպությունում սահմանված կարգի համաձայն հայկական կողմից այդ զորավարժությունների չեղարկման մասին պաշտոնապես ծանուցումներ չի ստացել: Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում այսօր ստեղծված իրավիճակին, որը չի կարող թույլ տալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ-ի պլանավորված խաղաղապահ զորավարժությունները":
Երեկ ուշ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ հունվարի 5-ին ծանուցում են ուղարկել ՀԱՊԿ։