Արմինֆո. ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ 2023 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու վերաբերյալ։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ հունվարի 10-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, թե "ստեղծված իրավիճակում նպատակահարմար չենք համարում Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն այս տարի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը", ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնում են.
"Պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ կառավարման մարմինների և ուժերի կազմավորումների համատեղ պատրաստման 2023 թվականի ծրագրով նախատեսված է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ "Անխախտ եղբայրություն-2023" զորավարժության անցկացում Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս տարի հայկական հողում այս զորավարժության անցկացման անհրաժեշտությունը հաստատվել էր նաև Երևանում։ Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չի ստացել այդ զորավարժությունները կազմակերպությունում սահմանված կարգին համապատասխան չեղարկելու մասին:
Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում այսօր ստեղծված իրավիճակին, որը չի կարող թույլ տալ ընթացիկ տարում ՀԱՊԿ-ի պլանավորված խաղաղապահ զորավարժությունների լիարժեք անցկացում":
Ընդգծվում է նաև, որ ՀԱՊԿ քարտուղարությունում և միացյալ շտաբում առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված զորքերի (հավաքական ուժերի) մարտական պատրաստության ծրագրերը կատարվեն ողջ ծավալով ՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց պատրասությունը՝ ի շահ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովման:
Նշենք, որ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նպատակահարմար չի համարում 2023 թվականին և "այս պայմաններում" Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ զորավարժություններ։ Վարչապետի խոսքով, որոշակի թյուրիմացություն կա, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ հայկական կողմը նպատակահարմար չի գտնում այս տարի զորավարժություններ անցկացնել Հայաստանում: "Այդ զորավարժություններն առնվազն այս տարի չեն կայանա", - հայտարարել էր Փաշինյանը։
Հավելենք, որ Կրեմլն արդեն արձագանքել է ՀԱՊԿ-ի մասով Փաշինյանի հայտարարությանը, նշելով, որ Մոսկվան այդ հարցը կպարզաբանի Երևանի հետ։