Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։
Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ-ը, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին:
ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելուն։
Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և կոպտորեն ոտնահարում միջազգային հումանիտար իրավունքը՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության վերականգնման համատեքստում:
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը դժգոհ է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքից, որոնք ի վիճակի չեն դեկտեմբերի 12-ից ապաշրջափակել միակ տրանսպորտային զարկերակը՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։ Այդ առնչությամբ Երեւանը մերժել է Մոսկվայում եռակողմ հանդիպման ՌԴ ԱԳՆ-ի հրավորը, եւ Սերգեյ Լավրովը ստիպված է եղել բանակցություններ վարել միայն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։