Արմինֆո.Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է՝ նպատակ ունենալով վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը և լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ։
Նրա խոսքով՝ դրա ապացույցն է Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ ուղղված նախորդ միջադեպերը:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ՝ առավոտյան ժամը 10:30-ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ՝ կրկին "բնապահպանական պատճառներով": Ճանապարհը փակ է մնում մինչ օրս։ Բացի այդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել էր նաեւ գազատարի փականը, որով գազ է մատակարարվում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ։ Գազամատակարարումը վերականգնվել է երեք օր անց։ Հատկանշական է, որ բնապահպանական պահանջներից հետո Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած ադրբեջանցիները հնչեցրել են նաև քաղաքական պահանջներ. Արցախի Հանրապետության ողջ տարածքում Ադրբեջանի ՆԳՆ և պետական անվտանգության ծառայության վերահսկողություն ու գործունեություն։
Հավելենք, որ, այսպես կոչված, բնապահպանների կողմից առաջին սադրանքները սկսվել են դեկտեմբերի 3-ին ՝ Արցախը Հայաստանին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքի փակմամբ։ Անցած շաբաթվա ընթացքում թշնամական կողմը պարբերաբար տարատեսակ սադրանքներ է ձեռնարկել ինչպես ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ: Իսկ արդեն դեկտեմբերի 10 - ին մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մուտք գործել ԼՂՀ-ում գործող երկու հանքավայր, սակայն ղարաբաղցիները թույլ չեն տվել մտնել հանքեր։