Արմինֆո. Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից՝ հանրապետությունն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամը մեկնաբանելու խնդրանքին։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան բազմիցս կրկնել է իր այդ դիրքորոշումը։ "Անհրաժեշտ է նաեւ կարգավորել տարածաշրջանի հանքավայրերի մշակման հարցի շուրջ տարաձայնությունները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ, և նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերականգնվել է գազամատակարարումը, վերականգնվել է հումանիտար ավտոտրանսպորտի, այդ թվում ՝ շտապօգնության մեքենաների երթևեկությունը: Եվ մենք ակնկալում ենք իրավիճակի հանգուցալուծում մոտ ժամանակներս", - ասել է նա։
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել կողմերին խստորեն հետևել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտնի հայտարարություններին համապատասխան ստանձնած պարտավորություններին։ "Դրանք նախատեսում են Լեռնային Ղարաբաղի կապ Հայաստանի հետ՝ Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ", - ամփոփել է նա: