Արմինֆո. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ։ Այդպես է նա մեկնաբանել խաղաղապահների կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։
"Ռուսական խաղաղապահ զորակազմը գործում է բացառապես այն փաստաթղթերի ոգուն եւ տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջեւ", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ ընդգծել է Պեսկովը: Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի իշխանություններն այդ թեման կքննարկեն հայ գործընկերների և դաշնակիցների հետ։
Այսօր Հայաստանի վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով Արցախի շրջափակմանը, հայտարարել է. "Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը"։