Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, թե ռուսական խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում չեն կատարում իրենց վրա դրված առաքելությունը:
Դեկտեմբերի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են Մոսկվայում գնահատում ՀՀ վարչապետի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՌԽԶ-ը չի կատարում իր առաքելությունը, Զախարովան, մասնավորապես, ասել է. "Իսկ ես կարող եմ ասել հակառակը։ Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը"։
Ճշգրտող հարցին, թե արդյոք ինչ-որ միջոցներ ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար, Զախարովան ասել է, որ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացվում են: "Եթե հայտնի չէ, ես կարող եմ կրկնել։ Մինչ այդ էլ բազմիցս եղել են սրացումներ, և եղել են խնդիրներ, և կողմերը միմյանց մեղադրել են, և ռուս խաղաղապահներն ամեն ինչ արել են իրավիճակը կայունացնելու համար։ Եվ դա նրանց մոտ ստացվել է։ Ուստի մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքը չի ընդունվում", - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Այսօր Հայաստանի վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով Արցախի շրջափակմանը, հայտարարել է. "Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը"։