Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարող է աստիճանաբար վերաճել նոր զինված հակամարտության։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է բրիտանացի վերլուծաբան, Քարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։
Ըստ նրա գրառման՝ եթե ինչ-որ մեկը չի հետևել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա պետք է դա անի հիմա։ Շրջակա միջավայրի ինքնահռչակ պաշտպանները, որոնք ակնհայտորեն Բաքվից Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել կառավարության կողմից, փակել են ճանապարհը։ Դրանով, ինչպես ընդգծել է վերլուծաբանը, փակվել է տեղի հայերի մուտքն ու ելքը։
Թոմաս դե Վաալը հավելել է, որ այս տարի Եվրամիության միջնորդությամբ բանակցություններն առաջընթացի են հասել։ Երկու կողմերն էլ խոսում էին խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, սակայն Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ մինչ օրս համաձայնություն չկա։ "Ադրբեջանը, որն այժմ գերիշխող կողմն է, ցույց տվեց, որ ուժ կկիրառի՝ հայերի կողմից զիջումների հասնելու համար", - նշել է վերլուծաբանը։
Դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10:30-ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Հայկական թելեգրամյան ալիքներն, այսպես կոչված, բնապահպանների շրջանում արդեն նույնականացրել են ԱՀ հատուկ ծառայության աշխատակիցներին։ Ադրբեջանցիներն իրենց սանձարձակ են պահում, փորձում են սադրել ռուս խաղաղապահներին և վրան են տեղադրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա։ Ճանապարհը փակ է մնում մինչ օրս ։ Այսպես կոչված՝ ադրբեջանցի բնապահպանները, որոնք լուսանկարում պատկերված են թուրք ծայրահեղ ազգայնականների՝ "Գորշ գայլերի" խորհրդանիշի ցուցադրությամբ, հայտարարել են, որ ճանապարհին կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրենց մոտ չի ժամանել խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովը:
Բացի այդ, երեկ երեկոյան Ադրբեջանը փակել է նաև գազատարի փականը, որով գազ է մատակարարվում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Միջազգային հանրությունը բավական դանդաղ է արձագանքում Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից սանձազերծված այդ ահաբեկչությանը։
Հավելենք, որ, այսպես կոչված, բնապահպանների կողմից առաջին սադրանքները սկսվել են դեկտեմբերի 3-ին ՝ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի փակմամբ։ Անցած շաբաթվա ընթացքում թշնամական կողմը պարբերաբար տարբեր տեսակի սադրանքներ է ձեռնարկել ինչպես ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ։ Իսկ արդեն դեկտեմբերի 10 - ին մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մտնել ԼՂՀ-ում գործող երկու հանքավայր, սակայն ղարաբաղցիները թույլ չեն տվել թշնամուն դա անել։