Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի տեսաուղերձը՝ Երեւան կատարած այցի արդյունքների վերաբերյալ:
Հիշեցնելով, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնում նշանակվելուց ի վեր սա իր երկրորդ այցն է Հայաստան, Ռիքերը նշել է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս այցի ժամանակ տպավորված է ընդհանուր ժողովրդավարական արժեքներին Հայաստանի հավատարմությամբ՝ չնայած երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: "Այդ հանձնառությունը ներկայացնում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի ապագան։ Շնորհակալ եմ ՀՀ կառավարությունում ունեցած կարևոր և արդյունավետ հանդիպումների համար։ Մասնավորապես, ՀՀ վարչապետի, ԱԳՆ ղեկավարի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ",- ասել է ամերիկացի դիվանագետը, հիշեցնելով, որ նախորդ շաբաթ համանման հանդիպումներ է ունեցել Բաքվում և Թբիլիսիում։
"ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս պետքարտուղար Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։ Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասում խաղաղ ապագայի ապահովմանը։ Խորապես համոզված ենք, որ շարունակվող ուղիղ երկխոսությունը (այսինքն, ոչ թե ռազմական գործողությունները, այլ դիվանագիտությունը) առանցքային դեր է խաղում կարգավորման եւ համապարփակ երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Հասկանում ենք, որ դա հեշտ չէ, բայց ցանկանում եմ կրկնել Բլինքենի խոսքերը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ՝ այն մասին, որ ԱՄՆ - ը պատրաստ է անել ամեն ինչ ՝ խաղաղության հասնելու ձեր ջանքերին աջակցելու համար", - ամփոփել է Ռիքերը։