Արմինֆո. Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայկական երաժշտական ասամբլեայի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի հիշատակին նվիրված համերգ:
Համերգի ընթացքում կոմպոզիտորի դուստրը՝ դաշնակահար Անահիտ Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց թվում՝ Լևոն Չաուշյանի Urbi et Orbi-ն և Սոնատ թիվ 1-ը: Համերգային ծրագրում կհնչեն նաև Կոմիտասի "Շորորը", Ռուբեն Սարգսյանի "Նիրում Կոմիտասին", Գեղունի Չթչյանի "Հայկական խորաքանդակներ", "Նվիրում Սիլվա Կապուտիկյանին", Գայանե Չոբոտարյանի "Պրելուդներ", Վաչե Շարաֆյանի "Անտեսանելի կապույտ թիթեռնիկների ձայները":
Նշենք, որ Անահիտ Չաուշյանը ծնվել է Երևանում՝ պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆեսոր Վիլի Սարգսյանի դասարան): Այնուհետև ուսումը շարունակել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆ.Եվգենի Մոգիլևսկու դաս) և Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում: Սիենայի Քիջիանի ակադեմիայի պատվավոր դիպլոմի դափնեկիր է: Էմանուել Դյուրլեի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (Բելգիա): Կամերային նվագախմբերի կազմում մենահամերգներով հանդես է եկել Wigmore Hall, Royal Festival Hall, St Martin-in-the-Fields, Santori Hall Տոկիոյում, Բրյուսելի Grande Salle du Conservatoire Royal, Փարիզի Gavot Hall հեղինակավոր համերգասրահներում: Fugata Quintet-ի (Մեծ Բրիտանիա) հիմնադիրն է ։ Մի քանի միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է։
Հիշեցնենք, որ կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը մահացել է 2022 թվականի փետրվարին՝ 76 տարեկան հասակում ։