Արմինֆո.ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը և մեր երկիրը մեծապես կարևորում է այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը:
Իրաքի նախագահն ընդգծել է, որ Իրաքում ապրող հայերը վայելում են Իրաքի իշխանությունների աջակցությունը և իրենք բարձր են գնահատում հայ-իրաքյան սերտ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա, որը երկկողմ տնտեսական լուրջ ներուժի նախանշան է, և այն իրացնելու ուղղությամբ հարկավոր է ջանքեր գործադրել։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական, այդ թվում՝ արաբական երկրների ճնշող մեծամասնության հետ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը մտահոգություն է հայտնել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի շրջանակում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթի կապակցությամբ, որում նա շահարկել է կրոնական գործոնը Հայաստանի դեմ ուղղված իր մեղադրանքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով և փորձելով իսլամական, այս դեպքում՝ արաբական երկրներին տրամադրել Հայաստանի դեմ:Նախագահ Խաչատուրյանը միանշանակ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի և չի կարող ունենալ կրոնական ասպեկտ, բովանդակություն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը պայքարում են իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու իրենց իրավունքի համար։
Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ շփումներն՝ ուղղված տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիի հետ։ Վարչապետը ողջունելով նախագահ Խաչատուրյանին շեշտել է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները լավագույն ավանդույթներն ունեն թե քաղաքական, թե առևտրատնտեսական տեսանկյուններից։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Լիբանանն Արաբական աշխարհում Հայաստանի վաղեմի բարեկամներից է, որի հետ շփումներն ու փոխգործակցությունը մշտապես սերտացման և զարգանալու լայն հնարավորություններ ունեն։
Զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը լիբանանցի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել վերջերս կայացած Արաբական լիգայի 31-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վրա, որում վերջինս փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական անհանդուրժողականության դրսևորում՝ հիշատակելով քանդված մզկիթները։
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն աղերս չունեն իրականության հետ, Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, իսկ հիշատակված քանդված մզկիթները վերաբերում են Խորհրդային միության ժամանակաշրջանին, երբ հավասարապես մերժողական պետական քաղաքականություն էր վարվում բոլոր կրոնների նկատմամբ և նույն ժամանակաշրջանում շատ քանդված եկեղեցիներ ևս կան։
Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ անձամբ ներկա է եղել գագաթնաժողովին և կարծիք է հայտնել, որ նմանօրինակ թյուրըմբռնումներից խուսափելու համար Հայաստանը պետք է առավել ակտիվացնի իր ջանքերն Արաբական աշխարհի պետությունների հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ։