Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 1500 քաղաքացի, որից 1300-ը իգական, իսկ 200-ն՝ արական սեռի ներկայացուցիչներ են։ Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Նա հիշեցրել է, որ մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը նախատեսված էր հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Հրաձգության դասընթացները նախատեսված են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար։ Մեկնարկային փուլը տրվում է Երևանում։
«Մասնակիցների աշխատանքային հնարավոր զբաղվածությունը հաշվի առնելով՝ նախատեսում ենք հրաձգության դասընթացներն անցկացնել շաբաթ և կիրակի օրերին։ Հրաձգության առաջին դասընթացը կանցկացվի նոյեմբերի 5-ին։ ՊՆ-ի տրանսպորտային միջոցներով մասնակիցները կենտրոնական հավաքակայանից կտեղափոխվեն հրաձգարան։ Նրանք ապահովված կլինեն սննդով։ Ասեմ, որ ստեղծված են լինելու բոլոր հարմարությունները»,- ըստ «Արմենպրեսի»՝ ասել է Արամ Թորոսյանը։
Նա նաեւ հաղորդել է, որ նախարարությունը ներկայում իրականացնում է խմբերի բաշխում։ ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ դասընթացն անցկացնելու են փորձառու զինվորականներ։ Բուն դասընթացը բաղկացած է լինելու մի քանի մասերից՝զենքի կառուցվածք, մարտավարատեխնիկական բնութագրի ուսումնասիրում, նշանառության, զենքի օգտագործման, անվտանգության կանոնների ուսուցում, պահեստատուփերի լիցքավորում և լիցքաթափում, զենքի քանդում և հավաքում, կրակային դիրքի զբաղեցում, հրաձգության գործնական պարապմունք։ Կանցկացվեն նաև առաջին բուժօգնության դասընթացներ։ Նախատեսված է խրախուսել լավագույն արդյունքներ գրանցողներին։
Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ նախարարությունը քաղաքացիներից բազմաթիվ նամակներ, զանգեր ու առաջարկներ է ստացել նման դասընթացներ անցկացնելու համար։ Հրաձգության դասընթացներն այս փուլում կանցկացվեն Երևանում, այնուհետև նախատեսված է դասընթացներ անցկացնել մարզերում։ Ըստ Արամ Թորոսյանի՝շատ հավանական է, որ նման դասընթացները կրեն պարբերական բնույթ։