Արմինֆո. ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում՝ բոլոր մակարդակներում։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։
Նրա խոսքով, դրա վառ ապացույցներից մեկը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունն է, որը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ չորս հանդիպում է անցկացրել Բրյուսելում: "ԵՄ-ն այստեղ սեփական շահերն ունի։ Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի մենք ակնհայտորեն շահագրգռված ենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով։ Դրա համար կարեւոր է, որ մենք կարողանանք կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը", - նշել է եվրոպացի դիվանագետը։
Այս առումով նա փաստել է, որ ԵՄ ակտիվության նշաններից մեկը նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դիտորդական առաքելության ծավալումն է։ Կլաարը վստահ է, որ դիտորդական առաքելությունը կամրապնդի ԵՄ աջակցության ներուժը։ "Բացի այդ, ԵՄ ֆիզիկական ներկայությունը ցույց է տալիս այստեղ խաղաղության ու կայունության մեր հանձնառությունը, ինչպես նաեւ լրջությունը, որով ԵՄ-ը մոտենում է համապարփակ կարգավորման հասնելու հարցում Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու իր առաքելությանը", - հավելել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղերում տիրող իրավիճակի և առկա մարտահրավերների մասին, ինչի շնորհիվ կարելի է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին: "Առաքելության ժամկետը երկու ամիս է։ Միջոցները տրամադրվել են Վրաստանում դիտորդական առաքելության բյուջեից։ Կարճ ժամանակահատվածի համար մենք կարող ենք հատկացնել Վրաստանում դիտորդական առաքելության միջոցների մի մասը՝ չվտանգելով ԵՄ դիտորդների առաքելությունների հնարավորությունները և այդպիսով դիտորդներ ուղարկելով Հայաստան", - ասել է նա "Ամերիկայի Ձայնի" հետ հարցազրույցում։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած պաատերազմական հանցագործությունների մասին հաղորդագրություններին՝ եվրոպացի դիվանագետն ասել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն, երկու կողմից հետաքննություն է ընթանում այդ կապակցությամբ ։ "Ապացուցման դեպքում Բրյուսելն ակնկալում է, որ երկրների համապատասխան մարմինները դատավարական միջոցներ կձեռնարկեն մեղավորներին պատժելու համար, քանի որ նրանք համապատասխան պարտավորություններ են ստանձնել", - ասել է դիվանագետը:
Միաժամանակ, Կլաարը վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա։ "Բոլոր երեք երկրներն այդ հակամարտության պատճառով կորցնում են տնտեսական հնարավորությունները, այդ թվում ՝ Վրաստանը, ուստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորումը, սահմանների բացումը, հաղորդակցությունը, առեւտրի վերականգնումը ձեռնտու են Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններին", - հավաստիացրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ