Արմինֆո. Հայաստանի պարտավորությունների եւ հանձնառությունների մշտադիտարկման հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը եւ Բորիանա Էբերգը մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումների առնչությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը:
«Մենք նշում ենք, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը եւ հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային ու թափանցիկ: Մինչ երկու կողմերը միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, ադրբեջանական զինված ուժերը զավթել են Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը եւ ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը: Ուստի, Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից եւ ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին: Միայն դիվանագիտական միջոցները կարող են հանգեցնել տեւական ու արդար կարգավորման, որն օգուտ կբերի երկու պետությունների բնակչությանը», - եզրափակել են համազեկուցողները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Telegram-ալիքներում տարածված տեսանյութում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում էին անզեն հայ զինվորներին: Միջադեպը, ինչպես պարզել են իրավապաշտպանները, տեղի է ունեցել Իշխանասարի դիրքերի ուղղությամբ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում ։ Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թշնամական ուժերը խոշտանգում, անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ: Ադրբեջանի գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ փաստի առթիվ քրեական գործ են հարուցել, իսկ հետո հավաստիացրել են, թե տեսանյութը կեղծ է: Այլ բան չէր էլ սպասվում ադրբեջանական կողմից։
Սակայն, արդեն հոկտեմբերի 11-ին ադրբեջանցի օգտատերերը համացանցում տարածել են ևս մեկ տեսանյութ ՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ վիրավորված հայ զինծառայողների խոշտանգման տեսարաններով։ Այս կապակցությամբ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքները պաշտպանող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայ գերիների խոշտանգման մասին հրապարակված տեսանյութը նոր է. տեսանյութում տեսագրված երեք զինծառայողների ինքնությունը պարզվել է: "Ադրբեջանցիները նրանց խոշտանգել ու սպանել են, որից հետո հայկական կողմը ստացել է նրանց դիակները։ Այս տեսանյութը հաստատում է, որ գերության ընթացքում ավելի մեծ թվով հայ ռազմագերիներ են սպանվել", - նշել է նա։