Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետը բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին: Կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:
Վարչապետն իր տպավորություններն է կիսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ:
Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին Պրահայում «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունում ընդունել են հայտարարություն, որում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Դրանից հետո ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, թե Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո Արցախի ժողովրդի իրավունքների, ազատությունների եւ անվտանգության ապահովման հնարավորություն եւ ռեսուրսներ չունի: Նա նշել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը անջատվում է ղարաբաղյան խնդրին առնչվող գործընթացից, կարծիք հայտնելով, թե "դա դրական միտում է": Նրա խոսքով, "Փաստորեն, ղարաբաղյան հարցի շուրջ դժվար է հասնել երուստեք ընդունելի լուծման", եւ դա "Ադրբեջանի համար Հայաստանի նկատմամբ ոտնձգությունների առիթ է":